National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.10.2022
Առաջարկվող կարգավորումները կնպաստեն կատարողական գործողությունների իրականացման օպերատիվության եւ արդյունավետության բարձրացմանը
1 / 1

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը միտված է վերոնշյալ օրենքում որոշակի հստակեցումներ կատարելուն: Այս մասին նշել է Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում:

Փոխանախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է սահմանել կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողություն այլ հարկադիր կատարողի կողմից իրականացնելու հնարավորություն, ամրագրել հարկադիր կատարման ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանման կամ այլ աշխատակցի կողմից առանձին օժանդակ գործողություններ իրականացնելու հնարավորություն: Կամրագրվեն նաեւ միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթները մեկ վարույթում միացնելու կամ մեկ կատարողական վարույթից առանձին պահանջներով վարույթներն առանձնացնելու վերաբերյալ կարգավորումներ:

Գրիգոր Մինասյանը նշել է, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն կատարողական գործողությունների իրականացման օպերատիվության եւ արդյունավետության բարձրացմանը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա, կարեւորելով ներկայացված նախագիծը, նշել է, որ չափազանց մեծ է Հարկադիր կատարման ծառայության ծանրաբեռնվածությունը, եւ այն պետք է հավասար բախշվի: «Մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք, որպեսզի կարողանանք ստեղծել մի այնպիսի իրավիճակ, երբ անձը ծանրաբեռնված չէ կամ գերծանրաբեռնված չէ այնքան, որ հասցնի վարույթներ իրականացնել»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ նախագիծը, իրապես, ուղղված է հարկադիր կատարման ծառայության ներքին գործընթացների եւ գործողությունների կատարելագործմանը:

Ըստ փոխնախարարի՝ առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու գործընթացը, հստակեցնել գույքն ի պահ ընդունելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, ամրագրել առգրավված գույքը պարտապանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց ի պահ հանձնելու արգելքը: Մանրամասն ներկայացնելով հարկադիր կատարողի իրավասությունները, գույքի պահպանության համար կատարվող ծախսերի կարգավորումները՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է առաջարկվող փոփոխությունների կարեւորությունը:

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի նաեւ նվազեցնել հարկադիր կատարողի ծանրաբեռնվածությունը եւ բարձրացնել կատարողական վարույթի արդյունավետությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am